Փրփրահացիկ, փուչիկաբորբ և ընթացագետ

ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական խումբը "հատուկ հարցախույզի" միջոցով փորձել է բացահայտել մի շարք հայերեն բառերի "հանրաճանաչելիությունը": Պարզվեց, որ կան հայերեն բառեր, որոնք ընդհանրապես ծանոթ չեն, նույնիսկ հասկանալի չեն մեր հայրենակիցներին: Այսուհետ, հատուկ շարքի միջոցով կներկայացնենք ստացված "արդյուքները", յուրաքանչյուր անգամ անդրադառնալով մի քանի բառի:

 

Բառ 1 - ՓՐՓՐԱՀԱՑԻԿ

Հարցվողների մի մասի կարծիքով դա բուլկին էր, 2 հոգի երկար մտածելուց հետո զուգահեռներ տարան փրփուր-լավաշ բառերի միջև և գտան, որ դա թաց լավաշն է, որով փաթեթավորում են խաշի միսը, որպեսզի այն չսառչի: Մեկ հոգի գտավ, որ փրփրահացիկը դա շամպայնն է, մնացածները դժվարացան պատասխանել: Հատկանշական է, որ հարցվողներից ոչ մեկը չէր լսել փրփրահացիկ բառը, հետևաբար չէին պատկերացնում, որ դա կարող է լինել վաֆլին:

 

Բառ 2 - ՓՈՒՉԿԱԲՈՐԲ

Այստեղ պատկերը ավելի զավեշտական էր, հարցվողները հիմնականում տալիս էին "տոնական" պատասխաններ, մի մասը գտնում էր, որ դա տոնական շքերթի մասնակիցներ են՝ տարբեր գույների փուչիկներով, կար հելիում գազով փուչիկ տարբերակը, 1 հոգի տվեց ամենազավեշտալի պատասխանը՝ նա գտնում էր, որ փուչիկաբորբը, դա բորբոքված պատգամավորն է: Հատկանշական է, որ պատասխանողները, ինչպես փրփրահացիկի դեպքում, ոչ մի անգամ չէին լսել փուչիկաբորբ բառը և, հետևաբար չէին կարող պատկերացնել, որ դա ցիստիտն է, որը ավելի շատ հայտնի է մեզ հաճախամիզություն տարբերակով:

 

Բառ 3 - ԸՆԹԱՑԱԳԵՏ

Գեղեցիկ բառ, որը ցավոք չի օգտագործվում, այդ իսկ պատճառով շատ ավտոտեխսպասարկման կետերի դիմաց ինքնաշեն, "հակահիգիենիկ" ցուցանակների վրա կարդում ենք ածուխով գրված, ռուսերեն կամ հայերեն "ходовик", "хадавик", "ходавик"  և նույնիսկ "խադովիկ" տարբերակները: Հարցվողները ընդհանրապես իրենց պատասխաններում չմոտեցան իրականությանը, 1 հոգի նույնիսկ կասկածեց, որ ընթացագետը՝ Աղստևի վտակներից մեկն է:

 

Եվ այսպես, այսօր անցանք 3 բառ՝ փրփրահացիկ, փուչիկաբորբ և ընթացագետ, ինչպես ժամանակին դպրոցում՝ փորձենք կազմել նախադասություն.

Փուչիկաբորբով տառապող ընթացագետը փրփրահացիկ էր վայելում, ստեպ-ստեպ լքելով աշխատավայրը:

 

Խոսենք հայերեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:42 Փետրվար 03, 2015

Ամենաընթերցված նյութեր