Ազգային ժողովի տարեվերջյան առանձնահատկությունները

21․12․ ″Ես կմտնեմ իմ փոխարեն ″․Գալուստ Գրիգորիչ

Գալուստ Գրիգորիչը տարեվերջյան մի ամբողջ 26 րոպե հարցազրույցում շռայլ գտնվեց ու իր մտքի գոհարներն ուղղեց հայ հանրությանը։ Այս հարցազրույցից հայ հանրությունը իմացավ, որ որևէ մեկը նրա փոխարեն չի կարող խորհրդարան մտնել։ Ինչպես ինքը նշեց. "Ես կմտնեմ իմ փոխարեն″ ու նաև շարունակեց ″այն համարը, որտեղ ես եմ, դա ամենակարևոր համարը կլինի″։ Խոսքը կուսակցական ցուցակի համարի մասին է էլի։ Էնպես որ թերահավատ մարդիկ, դեռ վաղ է Գրիգորիչին թոշակի ուղղակելը: Նա դեռ առնվազն առաջիկա հինգ տարին ԱԺ-ից կշարունակի լուսավորել ձեզ:

22․12․ Տաք թեյ ԱԺ կին պատգամավորներին՝ ԱԺ նախագահությունից

Մինչ Գրիգորիչը հարցազրույց էր տալիս, Շարմազանովը վարում էր ԱԺ նիստը ու տաք թեյ հյուրասիրում ԱԺ կին պատգամավորներին։ Կանայք, իհարկե, շոյվեցին, անգամ Բիշարյանը նշեց, որ քաղցրը շատ էր արված։ Դե ինչ, տարին բարի նոտայով է ավարտվում ԱԺ-ում։

22․12․ Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը ներառված չէ 10 լավագույն մարզիկների ցուցակում․ Սամվել Ֆարմանյան

Մինչ կին պատգամավորները տաքանում էին մատուցված տաք թեյով, մեծ ֆուտբոլասեր Սամվել Ֆարմանյանը "տաքացավ" այն փաստից, որ Մարզական լրագրողների ֆեդերացիայի՝ տարվա լավագույն մարզիկների ցուցակում տարօրինակ կերպով ներառված չէ Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր հայտնի և սիրելի է ոչ միայն Հայաստանում, այլև Գերմանիայում, արդեն նաև Անգլիայում և, ընդհանրապես ողջ աշխարհում։ Էլ չասենք, որ Հենրիխը 10 սպորտի նախարարության գործ է անում՝ միշտ բարձր պահելով մեր երկրի մարզական պատիվը: Ինչ խոսք, դժվար է չհամաձայնել ԱԺ պատգամավորի հետ: Փաստարկները միանգամայն տեղին են և վկայում են այն մասին, որ այս հարցում ինչ-որ բան այն չէ: Երևի ավելի արդար կլիներ, որ այդ ֆեդերացիան կամ վերանայեր լավագույն տասնյակը որոշելու կարգն ու չափորոշիչները կամ բացեիբաց հայտարարեր, որ տասնյակը որոշում են առանց ֆուտբոլի/ֆուտբոլիստների:

23.12․ Երբ հերթագրումը խառնում են քվեարկության հետ

Տարեվերջը ԱԺ-ում հետաքրքիր է․ շենքը լավ չի ջեռուցվում․ կին պատգամավորները թեյ են խմում, ինչպիսի սեռային դիսկրիմինացիա, գրողը տանի։ Դա դեռ հերիք չէ, հերթագրման համար անասելի շատ պատգամավորներ են հերթագրվում։ Գրիգորիչի դեմքից հստակ երևաց, որ շրջապատի ընկալման նրա տրամաբանական գիծը կտրվեց, երբ նա տեսավ, թե ովքեր են հերթագրվել մտքերի փոխանակման համար․ քանի որ այդ պատգամավորները եթե ներկա են լինում նիստերին, սովորաբար միայն քվեարկում են։ Բայց հետո ամեն ինչ ընկավ իր տեղը: Սենսացիան ԱԺ-ում այդպես էլ չկայացավ: Պարզվեց՝ նրանք ընդամենը շփոթել էին և ցանկանում էին քվեարկել, բայց ինչի օգտին, պարզ չէր, գրողը տանի։

24․12․ ″Մոխիր կդարձնեմ բոլոր նրանց, ովքեր կպայքարեն Սերժ Սարգսյանի դեմ″․ Խաչիկ Ասրյան

Տարեվերջն իրոք հետաքրքիր է․ բոլորը փորձում են անել այն, ինչ չէին հասցրել տարվա ընթացքում։ Հայոց արծիվն էլ շտապեց իր բոցաշունչ ելույթով սաստել բոլոր նրանց, ովքեր կփորձեն Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալ։ Սաստելը որն է, նա բառացիորեն ասաց, որ մոխիրի կվերածի բոլորին հայոց արծիվների բազմահազարանոց բանակով։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

20:09 Դեկտեմբեր 26, 2016

Ամենաընթերցված նյութեր